22 հոկտեմբերի 2019 - 16:32 AMT
Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցին ընդառաջ Նաիրի Հունանյանը խնդրել է իրեն վաղաժամկետ ազատ արձակել

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է 24News-ը:

Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։

«Դատապարտյալը դիմում է քրեակատարողական ծառայությանը, քրեակատարողական ծառայությունն էլ տեղաբաշխման հանձնաժողովի նիստ է կազմում, և այդ նիստի ժամանակ քննարկվում է դիմումը։ Դրանից զատ «պրոբացիան» է եզրակացությունը կազմում և տալիս», - նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։

«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - եզրափակել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանն ասել է, որ Նաիրի Հունանյանը դիմումը ներկայացրել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին, հայտնում է Aysor.am-ը։

Նոնա Նավիկյանը նշել է, որ Հունանյանի դիմումին պատասխան կտրվի 80-օրյա ժամկետում, այսինքն մինչև դեկտեմբերի 1-ը:

1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություն է իրականացվել Ազգային Ժողովում։ Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խումբը, ներխուժելով ԱԺ, սպանեց Հայաստանի պետական և քաղաքական մի շարք անվանի գործիչների` ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանին, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Լեոնարդ Պետրոսյանին:

Զինված խումբը ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին՝ հոգի դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա ազատազրկման։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան է եղել:Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։