23 հոկտեմբերի 2019 - 10:21 AMT
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահներ չեն եղել:

Օրինագիծը ներկայացրել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նախագծով նախատեսվում է տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանել տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։

Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։