23 հոկտեմբերի 2019 - 12:19 AMT
Բաբլոյան. Ինչ արել եմ՝ օրենքի համաձայն էր

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ ներգրավվելու մասին տեղեկությանը, ասել է, որ ամեն ին արել է օրենքի սահմաններում:

«Ես ինչ արել եմ, արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն»,- ասել է նա, հայտնում է 168.am-ը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ նկատելով, որ նախաքննությունը շարունակվում է. «Երբ դեռ գնում է պրոցեսը, իրավունք չունենք որևիցե բանից խոսել»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա. Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: