23 հոկտեմբերի 2019 - 16:36 AMT
Հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի գործը դեռ նախաքննության փուլում է՝ առանց մեղադրյալների

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու համար տարվող նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով մեղադրյալ և դատավարական կարգավիճակ ունեցողներ չկան: Այս մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

2019 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:30-ին, քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնար հիվանդասենյակում հանկարծամահ է եղել 2018թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հացադուլ իրականացրած և վերականգնողական փուլ անցնող կալանավոր Մհեր Եղիազարյանը: ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամաբ՝ նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակում պարզվել էր, որ նրա մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից:

Մհեր Եղիազարյանը հացադուլ էր սկսել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ 2015 թվականի գարնանը, աշխատելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում որպես մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ՓԲԸ-ում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՍՊ ընկերություններից մեկի տնօրենին կեղծ խոստում տալով՝ պահանջել և խաբեությամբ մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափի գումար, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով: