25 հոկտեմբերի 2019 - 11:22 AMT
ԶԼՄ. ՀՀ-ն թույլ կտա ռուս մասնագետների մուտքն ԱՄՆ-ի վերազինած լաբորատորիաներ

Ռուսաստանցի մասնագետներին, այդ թվում ռազմական, կերաշխավորվի մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին, երբ կայանալու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, գրում է «Կոմերսանտը»:

Հուշագրի վրա աշխատանքների ավարտի մասին պարբերականին հայտնել են իրազեկ աղբյուրները ռուսական և հայկական կողմից:

Աղբյուրը հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և այժմ միջգերատեսչական համաձայնեցման փուլում է: Նա պարզաբանել է, որ հուշագրով նախատեսվում է երկու երկրների գործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում:Ըստ աղբյուրի, ՀՀ-ում գործող կենսաբանական լաբորատորիաներ կարող են այցելել այդ թվում նաև ՌԴ առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետները:

«Կարևոր է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարբերաբար զննել այդ լաբորատորիաները և տեղեկություններ փոխանակել գործընկերների հետ, դրանով իսկ բացառելով այդ օբյեկտների վերահսկողությունն ԱՄՆ և այլ երրորդ երկրների կողմից»,-պարզաբանել է զրուցակիցը ՌԴ ԱԳՆ-ից:

ԱՄՆ միջոցներով արդիականացված լաբորատորիաները, որտեղ կենսաբանական հետազոտություններ են անցկացվում, ուսումնասիրվում են վիրուսներ և շտամեր, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում: Մոսկվան կասկածանքով է վերաբերվում փակ ռեժիմով գործող այդ լաբորատորիաներին: