31 հոկտեմբերի 2019 - 10:54 AMT
ՊԲ. Ադրբեջանի կողմից սադրանքների շարունակման դեպքում համարժեք գործողությունների կդիմենք

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այդ մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, բայց հակառակորդի սադրանքների շարունակման դեպքում դիմելու է իրավիճակից բխող համարժեք գործողությունների, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 1500 կրակոց: