5 նոյեմբերի 2019 - 11:50 AMT
Միրզոյանը՝ Վոլոդինին. Մեծ նշանակություն ենք տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը

Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր: Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ասել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպմանը:

Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման և կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարևոր փորձագիտական աշխատանքներ:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաև՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ: Ըստ Վյաչեսլավ Վոլոդինի՝ նոյեմբերի 5-ի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում քննարկվելու են մի շարք կարևոր օրակարգային հարցեր:

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին հաջորդել է լիագումար նիստը:

Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: