5 նոյեմբերի 2019 - 14:22 AMT
Քոչարյանի պաշտպանները նորից միջնորդել են նրան գրավով ազատ արձակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամներից Հայկ Ալումյանը հայտարարել է, թե միջնորդություն ունի, որը վերաբերում է խափանման միջոցին։ Պաշտպանական խումբը միջնորդել է գրավով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, հայտնում է Aysor.am-ը:

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասել է, որ անձի անձնական ազատության իրավունքը չի կարող ստորադասվել որևէ այլ իրավունքի։

Մինչ այդ, մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկում էին քննարկել խափանման միջոցի միջնորդությունը, սակայն դատարանը թույլատրեց ներկայացնել այն։

Արամ Վարդևանյանն ասել է, թե միջնորդում են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի ու որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով գրավի ողջամիտ չափ։

Մեղադրող դատախազը, սակայն, հայտարարել է, թե դատախազությունը շարունակում է պդնել, որ առկա է քննությանը խոչընդոտելու ու վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: