6 նոյեմբերի 2019 - 11:59 AMT
Արամ Խաչատրյանի մասին հայ-ռուսական ֆիլմը կներկայացվի Ամերիկյան կինոշուկայում

Ամենամյա Ամերիկյան կինոշուկան (American Film Market) իր աշխատանքը կսկսի նոյեմբերի 6-ին Սանտա Մոնիկայում: Մեկ շաբաթվա ընթացքում աշխարհի այդ խոշորագույն կինոշուկային կմասնակցեն նաև մոսկովյան կինոընկերություններ, այդ թվում «Մարս Մեդիա» կինոընկերությունը «Սուսերով պարը» ֆիլմով: Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Յուսուպ Ռազիկովը 2018-ին, այն հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին է, հայտնել է ընկերության միջազգային վաճառքի գծով ղեկավար Միլա Ռոզանովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա կենսագրական ֆիլմ է Արամ Խաչատրյանի մասին, որը նկարահանվել է ՌԴ և ՀՀ համագործակցությամբ: Ֆիլմը էկրան կբարձրանա երկու երկրներում 2019-ի դեկտեմբերին: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է կոմպոզիտորը գրել իր ամենահայտնի երաժշտական ստեղծագարոծությունը ընդամենը 8 ժամվա ընթացքում: Ֆիլմն արդեն վաճառվել է Ճապոնիայում, Թաիլանդում, Լատինական Ամերիկայի երկրներում, իսկ Սանտա Մոնիկայում մտադիր ենք ավարտին հասցնել բանակցությունները ևս մի քանի երկրների հետ»,-ասել է Ռոզանովան:

2019-ին Սանտա Մոնիկայի կինոշուկային կմասնակցի ավելի քան 7000 անդամ աշխարհի մոտ 70 երկրից: Ի տարբերություն փառատոների, կինոշուկայում քննարկվում են գործարքներն ու պայմանավորվածությունները ոչ միայն պատրաստի արտադրանքի, այլ նաև մշակման և արտադրության տարբեր փուլերում գտնվող ֆիլմերի վերաբերյալ: