7 նոյեմբերի 2019 - 12:05 AMT
Կառավարության մոտ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության առջև: Նրանց միակ պահանջն է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

«Արայիկ Հարությունյանը պետք է տուն գնա, տապալել է իրեն որպես նախարար: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է գործի հայկական տրամաբանությամբ: Նա այդ գործընթացում իրեն տապալել է, չի արդարացրել, ուրեմն պետք է նախարարը փոխվի, գա նոր նախարար, որը լինի հայակենտրոն ու հայամետ»,-ասել է բողոքող երիտասարդ Արգիշտի Գևորգյանը, հայտնում է Panorama.am-ը:

Երիտասարդներին նաև զայրացրել է այն փաստը, որ «Մել» ֆիլմի համար պետական ֆինանսավորում է եղել: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ չեն տա հարկեր այստեղ, եթե պետք է ուղղվի Մելի կամ այլ սեռափոխվածությունների մասին ֆիլմեր նկարահանելուն:

ՀՅԴ երիտասարդներն ասել են, որ շարունակելու են իրենց ակցիաներն այնքան, մինչև Հարությունյանը հրաժարական տա:

Նրանք դեմ են նաև «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված նախագծին: «Մեզ մոտ տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը հայ, ազգային, հայ եկեղեցի բառերի հետ խնդիրների ունի, անգամ իր հարցազրույցներում այդ մարդը քմծիծաղով է խոսում այդ եզրույթների մասին»,- ասել է բողոքող երիտասարդը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: