7 նոյեմբերի 2019 - 13:27 AMT
Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներն անժամկետ նստացույց են սկսել

ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները հայտարարել են, որ անժամկետ նստացույց են սկսում ԿԳՄՍ նախարարության դիմաց:

Նրանք կոչ են արել բոլոր բուհերի ուսանողներին միանալ իրենց, հայտնում է Aysor.am-ը:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց կանգնած ոստիկանական պատը վկայում է այն ջրբաժանի մասին, որն առաջացել է կրթության նախարարի և կրթության միջև, կրթության նախարարի և ուսանողություն միջև, կրթության նախարարի և դպրոցի միջև:

«Նման հակահայ, հակազգային նախարար չենք ունեցել։ Կան գծեր և սահմաններ, որոնք անցնել չի կարելի։ Պարոն Հարությունյան, Դուք դրանք անցել եք, Ձեր ժամկետը լրացել է», - ասել են նրանք։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին հայտարարել: Նրանք բողոքում էին բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ: