7 նոյեմբերի 2019 - 16:41 AMT
Փաշինյան. Աշխատանքից բացի, աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ ուղղակի չկա

Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, չկա: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով 1000 ընտանիքի համար կայուն եկամտի ստեղծման ծրագրի մասին, որը հաստատվել է կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ կառավարությունն այդ 1000 ընտանիքին փողը տալիս է, անասունը տալիս է, կերը տալիս է, խորհրդատվությունը տալիս է և մարդկանց ասում են, որ դրանով հնարավորություն են ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը, հայտնում է Panorama.am-ը:

Այսպիսով, ըստ վարչապետի, սա շատ կարևոր ծրագիր է. «Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Մենք հստակ ուղերձ ենք հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։ Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, քանի որ կրթությունն է, որ աշխատանքի շուկայում մարդուն տալիս է մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, այս հարցի լուծումը պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը:

«Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը։ Ես հույս ունեմ, որ այս ձևակերպումը չի նկատվի այլ համատեքստում»,-հավելել է վարչապետը։

Նա նաև նշել է, որ մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետո ի՞նչ է լինելու: «Սկսած նախակրթարանից՝ մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր նրանք, որոնք բարեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան նման գործունեությամբ զբաղվել:

Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու:Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: