7 նոյեմբերի 2019 - 17:26 AMT
€4.2 մլն` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանը

Եվրոպական ներդրումային բանկի կողմից €4.2 մլն գումար է տրամադրվելու Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավմանը: Դրամաշնորհը տրամադրվելու է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում: Նոյեմբերի 7-ին կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին:

Գումարները առավելապես ուղղվելու են Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան),Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ),Մ-17 (Կապան-Ծավ-Մ2),Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24 (ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք) լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը և երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Այս նախագծով ակնկալվում է առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում, մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20% -ով, ճանապարհային ավտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում և հավաստագրում։