7 նոյեմբերի 2019 - 18:15 AMT
Ծառուկյանը՝ լրագրողին. Պատգամավորների կեսից ավելին քո նման է՝ քարը քարին չի դրել

Հայաստանում այսօր բիզնեսի ու քաղաքականության տարանջատում կա, բայց տնտեսության համար նախապայմաններ չկան: Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասել է պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր Ceramisia գործարանի բացման արարողության ժամանակ, հաղորդում է 24news-ը:

«Ես ամենակարևորը մի բան գիտեմ, որ աշխատող մարդը պիտի աղքատ չլինի: Եթե նա դուրս է գալիս, գնում է գործի, 8-ժամյա աշխատանք կատարում է, որ տանը լավ պահի, այն մարդը պետք է կարողանա աղքատ չլինի, իր ընտանիքը բարեկեցիկ կերպով պահի, բայց այսօր դու տեսնում ես, գնում ես աշխատանքի ստանում ես 80-100,000 դրամ, դա քո տրանսպորտին չի բավարարի: Դրա համար, հիմնական, ասենք թե, էսօր տնտեսական հեղափոխությունը պետք է գծագրած, հաշվարկված, հնարավորությունները, պայմանները, աշխատանքը, արտադրանքը ստեղծածը, վաճառքը գումարելով իրեն, որ մարդը կարողանա շահույթ ունենա»,-ասել է Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նշել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որ գյուղացին կարողանա 1 հա հողակտորից վաստակել ոչ թե 300,000 դրամ, այլ 1 կամ 1.5 մլն:

Արձագանքելով լրագրողի հարցին, թե, եթե Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ինքն ինչու է ԱԺ պատգամավոր, Ծառուկյանն ասել է, թե ինքը սեփականատեր է:

«Ո՞նց ինչու եմ ԱԺ պատգամավոր, աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ, դու գնա...դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանալ կրթություն ունես, թե չէ: Բա պետական համալսարան ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի: Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, տվել եմ կառավարման, դու էդքան բան պիտի իմանաս, Ծառուկյանին էդպիսի հարց չտաս»,- արձագանքել է Ծառուկյանը, լրագրողի հարցին ի պատասխան շարունակելով,-հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի դրել, չի էլ տիրապետում, նկատի ունեմ քո պեսներին, ով քո պես կա, ուրի՞շ»:

Գագիկ Ծառուկյանի Ceramisia գործարանի բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: