7 նոյեմբերի 2019 - 18:38 AMT
Վանեցյան. ՀՖՖ նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ֆեդերացիայի նախագահը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կանոնադրությամբ հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը վերապահված է ՀՖՖ նախագահին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ նոր կանոնադրության ընդունումը, սակայն, հետաձգվել է տեխնիկական պատճառներով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ինչ-ինչ պատճառներով մեր կանոնադրությունը ՀՀ արդարադատության նախարարության պետռեգիստր է մուտքագրվել վերջերս՝ հոկտեմբերի 25-ին և 10-օրյա ժամկետ է պահանջվում, որպեսզի այն գրանցվի,- ասել է Վանցեյանը՝ հավելելով, որ այն ֆորմալ առումով կանոնադրությունը կհաստատվի նոյեմբերի 8-ին:

Վանեցյանը նշել է, որ Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հետ կապված աղմուկը տեղին չէր, բայց ինքն այդ աղմուկի մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում,տեսնում է հետաքրքրություն թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու:

«Երբ ինձ բերել և ներկայացրել են նոր մարզչի նշանակման հարցը, մեր աշխատակազմը ինձ չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացած չէ, դա եղել է զուտ աշխատակազմի տեխնիկական սխալ՝ մի աշխատակցի կողմից, որը հունիս ամսին պետք է պետռեգիստր տաներ, բայց տարել է հոկտեմբեր ամսին»,- ասել է նա:

Հոկտեմբերի 6-ին Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ էր նշանակվել «Ալաշկերտի» նախկին մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանը և առողջապահության նախարար, ՀՖՖ գործկոմի անդամ Արսեն Թորոսյանը անդրադարձել էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությանը՝ այն համարելով անընդունելի և ՀՖՖ կանոնադրությանը հակասող: