Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:
Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը՝ հորդորելով պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ եթե անձը դասվում է հետևյալ ռիսկի խմբերից որևէ մեկին.
• հղիներ,
• 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
• 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
• շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններունեցող անձինք,
• մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապ օգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
• 2020-ի առաջին զորակոչի ենթակա անձինք,
• տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
• փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
• հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:
Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ մարզերում դեռևս շարունակվում է պատվաստանյութի բաշխման գործընթացը: Նոյեմբերի 11-ից հանրապետության ողջ տարածքում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն ռիսկի խմբերի բոլոր անձանց:
Գրիպը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է հազալու, փռշտալու կամ անմիջական շփման արդյունքում: Գրիպի ախտանշանները (տենդը և դողը, հազը, կոկորդի բորոբոքումը, գլխացավը, մկանային ցավը և հոգնածությունը) սկսվում են հանկարծակի և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:
Սեզոնային գրիպից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է: