8 նոյեմբերի 2019 - 11:20 AMT
ԿԱՐԾԻՔ
«Էմոները կործանում են Հայաստանը». Ինչ էր «սպառնում» երկրին տարիներ առաջ և ուր է դա հիմա

Հայաստանի գոյությանը պարբերաբար «սպառնում է» ամեն ինչ՝ բացի կրթության ցածր որակից։ Այսօր գոյությանը սպառնում են գեյերն ու սատանիստները, իսկ, օրինակ, 10 տարի առաջ Հայաստանում պայքարում, ցույցեր էին իրականացնում ընդդեմ էմոների: Այն ժամանակ վարկած կար, որ նրանք են փչացնում հայկական արժեհամակարգը, հարիր չեն հայ ազգին: 2010-ին այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Հրապարակ» թերթին ասել էր՝ «էմոները կխախտեն մեր գենոֆոնդը»: Նույն թվականին ոստիկանության վետերանները՝ հատուկ նշանակության ջոկատի նախկին ոստիկանները ցույց էին իրականացնում՝ ընդդեմ էմոների:

Այդ շրջանում սև ներկված եղունգներով, մազերի ոչ ստանդարտ կտրվածքով կամ անգամ պատռված ջինս հագած մարդիկ հայտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում, տեղափոխվում բաժին, հարցաքննվում: 2010 թվականի նոյեմբերի 19-ին, օրինակ, 9 աղջիկ Սարյան փողոցից տարվել էին ոստիկանության բաժին, քանի որ կասկածվել էին էմո լինելու մեջ: Ոստիկանության Կենտրոն բաժնի պետ Աշոտ Կարապետյանն այն ժամանակ ասել էր, որ եթե աղջիկները էմո են, «ճիշտ են արել, որ հրավիրել են, եթե նման բան կա, ուրեմն խրախուսելի ա»:

Աշոտ Կարապետյանն, ի դեպ, «աչքի ընկավ» տարիներ անց՝ 2016-ին, ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում ոստիկանների կողմից ցույցը ցրելու ու բնակիչներին ծեծելով ուղղորդված իրադարձությունների ժամանակ, դեպքերից 3 օր անց այն ժամանակվա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ազատեց պաշտոնից: Իսկ ՄԻԵԴ՝ 2012-ին հրապարակված վճռով՝ Կարապետյանի անունը կապվում էր նաև ընդդիմադիր ակտիվիստ Գրիշա Վիրաբյանի խոշտանգման դեպքի հետ: Այդ վճիռը և ոստիկանության պաշտոնյա Ա.Կ-ի կողմից դաժան ծեծի ենթարկվելու մասին վկայությունները Հայաստանին պարտավորեցրին ակտիվիստին վճարել €31.000 տուգանք:

Էմոների ենթամշակույթը Հայաստանում սկսել էր ակտիվանալ 2004-ից, պատանիների շրջանում որոշակի տարածվելուց հետո այս ենթամշակույթի հանդեպ հետաքրքրությունը սկսեց նվազել ու մարել: Ըստ էության, դեպքերի մեծամասնությունում, գոթերի ու էմոների ենթամշակույթի հանդեպ հետաքրքրությունը պատանիների ու երիտասրադների մոտ դրսևորվում էր ավելի շատ արտաքին տեսքով, այլ ոչ գաղափարապես: Նրանք ավելի շատ վարդագույն ու սև հագուստներ, տարբեր զարդեր էին կրում, քան արյուն խմում և ինքնասպան լինում:

Էմոների հանդեպ վախի և հանրային դժգոհությունների պատճառներից մեկը հենց այն էր, թե նրանք, ըստ տեղեկությունների, հակված են ինքնասպանության: Ոստիկանությունը մարդկանց բաժին տեղափոխելու դեպքում ևս հենց այս պատճառաբանությունն էր բերում՝ կանխել հնարավոր ինքնասպանությունների դեպքերը:

2010-ից ակտիվացան խոսակցությունները նաև գոթերի ենթամշակույթի և երկրին դրանց հասցրած վտանգների մասին: Այդ ժամանակ «կասկածելի» արտաքինը կարող էր նաև գոթերի ենթամշակույթին հարելու պատճառ լինել: Գոթերին բնորոշ սև հագուկապով, սև ներկված եղունգներով և արտաքին այլ նշաններով մարդիկ, որոնք կասկածելի էին թվում, հայտնվում էին ոստիկանության ուշադրության կենտրոնում: 2011-ին, օրինակ, ոստիկանության Գյումրու անչափահասների հարցերով բաժնի պետ Հայկ Զաքարյանը նշում էր, որ «քաղաքում բացառել են այսպես կոչված՝ էմոների և գոթերի խմբավորումների գոյությունը», թե ինչ մեթոդներով՝ չէր նշվում:

Էմոների և գոթերի ենթամշակույթի հանդեպ 10 տարի առաջվա վերաբերմունքն ինչ-որ առումով նման է ներկայիս «սատանիստների» (ում մասին բոլորը լսել են, բայց ոչ ոք չի տեսել) հանդեպ վերաբերմունքին: Ըստ էության, այն ժամանակ ևս յուրաքանչյուր նոր, անսովոր բան, որը «կասկածելի» էր թվում, վերագրվում էր էմո կամ գոթ լինելուն: Երևույթը, մեծ հաշվով, կարող էր ոչ մի առնչություն չունենալ բուն էմոների, գոթերի կամ իրենց ենթամշակույթի հետ, սակայն արտաքինում որոշակի, այն ժամանակվա համար ոչ ստանդարտ գծերը կարող էին անձի հանդեպ վերաբերմունք պայմանավորել և գործողությունների դրդել:

Սակայն որոշ ժամանակ անց էմոների ու գոթերի հանդեպ «ագրեսիվ հետաքրքրությունը» նվազեց, հասարակությունն էլ «Հայաստանը կործանող» մի այլ վտանգ գտավ։ Հիմա հասարակության մեկ այլ շերտ արժեքային համակարգում վտանգ է տեսնում սատանիստներից: Կրկին նույն սկզբունքով՝ եթե պետք է որևէ անծանոթ բանի անուն տալ, ապա կոչենք «սատանիզմ»:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ էմոների հետ․ կարճ ժամանակ անց շարժումները մարեցին, ինչպես մարում է ցանկացած երիտասարդական շարժում․ ջահելները «զավզակացան» ու հոգնեցին, Հայաստանն այդպես էլ չկործանվեց, իսկ լուրջ դեմքերով մարդիկ ավելորդ էներգիա ծախսեցին մի բանի վրա, որը մարեց առանց իրենց ջանքերի։ Այսպես է եղել էմոների և գոթերի, ավելի վաղ՝ հիփփիների ու բիտնիկների հետ, և այսպես է լինելու ապագա բոլոր շարժումների հետ, այդ թվում նաև, կարծես թե, միայն առավել լուրջ դեմքով մարդկանց երևակայության մեջ գոյություն ունեցող սատանիստների։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net