8 նոյեմբերի 2019 - 15:14 AMT
ԱՄՆ-ում հայազգի ֆիզիկոսի գլխավորած գիտխմբին հաջողվել է չափել պրոտոնի շառավիղը

Բազմամյա հետազոտությունների արդյունքում մի խումբ ամերիկացի գիտնականներ հայազգի ֆիզիկոս Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ կարողացել են չափել պրոտոնի շառավիղը:Աշոտ Գասպարյանը միջուկային մասնիկների հետազոտություններով զբաղվող ֆիզիկոս է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանից, հայտնում է Nature.com-ը:

Աշոտ Գասպարյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ գիտությունների թեկնածուի թեզը պաշտպանել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում:

Ըստ ստացված տվյալների, պրոտոնի շառավիղը կազմում է 0,831 ֆետոմետր: Այսօրվա դրությամբ դա ամենաճշգրիտ չափումն է՝ նախորդը 0,88 ֆետոմետր էր: Գիտնականը կարծում է, որ կարող է կատարելագործել իր էքսպերիմենտը հետագայում առավել ճշգրիտ դարձնելու համար:

«Մենք ուրախ ենք, որ տարիների լարված աշխատանքն ու համագործակցությունը լավ արդյունք տվեցին, որը կնպաստի պրոտոնային շառավիղի այսպես կոչված գլուխկոտրուկի լուծմանը»,-ասել է Գասպարյանը:

Աշոտ Գասպարյանի ղեկավարությամբ հետազոտությունները 2012-ից անցկացվել են ԱՄՆ էներգետիկայի նախարարության Թոմասն Ջեֆերսոնի անվան լաբորատորիայում: