8 նոյեմբերի 2019 - 17:34 AMT
Արծվիկ Մինասյան. Արայիկ Հարությունյանը ենթակա է քրպատասխանատվության

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը քաղաքական շանտաժի միջոցով փորձում է իրավական մեղադրանքների տարափ տեղալ և քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ նախարարը ենթակա է պատասխանատվության առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու, հայտնում է Aysor.am-ը:

«Գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով ազգային արժեքների վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել», - նշել է դաշնակցական գործիչը։

Նա հավելել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշանակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, ասել է նա:

«Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակաօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», - ասել է բանախոսը։

Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդների ցասումն աջակցություն է ստանալու ՀՀ բոլոր բնակավայրերում և հասարակության բոլոր շերտերում, «որովհետև մեր ազգային նկարագիրը որևէ արայիկհարությունյաններ չեն կարող ջարդել»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է օրինագիծ ներկայացնել «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը՝ (ՀՅԴ ՀԵՄ) ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց։Ակցիայի մասնակից երիտասարդները իրենց հետ դատարկ արկղեր էին տարել:Անդրադառնալով ԿԳՄՍՆ բերված արկղերին, որոնց մեջ ակցիայի մասնակիցներն առաջարկել են նախարարի իրերը հավաքել, Հարությունյանը նշել է, թե պատրաստվում է այդ արկղերը լցնել ոլորտին վերաբերող տասնյակ քրեական գործերով և հետ ուղարկել՝ հավելելով, որ իրենք խնդրել են Դատախազությանն ու ՀՔԾ-ին տրամադրել այդ գործերի ցանկերը: