11 նոյեմբերի 2019 - 10:43 AMT
ԵՊՀ ուսանողները վերսկսկել են դասադուլը

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները վերսկսկել են դասադուլը՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք նաև դեմ են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, համաձայն որի, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու, հայտնում է Panorama.am-ը:

Ակցիայի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանն ասել է, որ իրենք քայլելով գնալու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, այնուհետև Խանջյան փողոցով և Տիգրան Մեծի պողոտայով, Հանրապետության հրապարակով գնալու և միանալու են ԿԳՄՍ նախարարության մոտ ակցիա անող ՀՅԴ երիտասարդական թևի անդամներին, որոնք նույն պահանջով կրկին ակցիա են իրականացնում:

Նրա խոսքով, պայմանավորվածություն կա, որ այլ ֆակուլտետներից էլ են միանալու ուսանողներ. «Նախարարության շենքի մոտից կոչ ենք անում մեր մյուս ընկերներին, որոնք դասադուլի անվան տակ տանը քնում դասի չեն գալիս, մեր այն դասախոսներին, որոնք դասի ժամանակ մեզ բարոյականության դասեր են տալիս, բայց այս պահին, երբ իրենց ուսանողները պայքար են մղում, կապ չունի պայքարի ծավալը, իրենց ուսանողների կողքին չեն»:

Գևորգ Գյուլումյանը նշել է. «Հարությունյանին թվում է, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա, հակակառավարական ակցիա է: Սակայն որևէ հակաիշխանական ակցիա չկա այստեղ, ինքը պետք է հրաժարական տա կամ գործի ըստ էության: Սակայն չեմ կարծում, որ նա կարող է գործել ըստ էության, որովհետև ի վիճակի չէ, ուստի պետք է գնա»:

Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ սա ուսանողական, երիտասարդական շարժում է, շարժում է հանուն հայոց լեզվի, գրականության, պատմության պաշտպանության:

«Բլորս միասիան միավորվենք ու պայքարենք, վերջ տանք այս խեղկատակությանը, այս բեմականացումը, որ փորձում են բեմադրել մի քանի հակազգային գործիչներ, ունենալու է իրենց համար վատ վախճան: Մենք թույլ չենք տալու»,- հայտարարել է ակցիայի մասնակից ուսանողը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն, բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: Օրինագիծը դեռ չի դրվել հանրային քննարկման: