11 նոյեմբերի 2019 - 11:19 AMT
Յուրի Խաչատուրովը միացել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը մասնակցել է «Կամք» նախաձեռնության ստորագրահավաքին՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ նշելով, որ իրենց հաղթարշավը շարունակվում է:

«Կամք» նախաձեռնության անդամները շուրջ 3 ամիս է՝ ստորագրահավաք են իրականացնում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման: Նրանք համարում են, որ կոնվենցիայի ընդունումը դեմ է հայկական ավանդական արժեքներին և այլասերելու է երկիրը: Ստամբուլյան կոնվենցիան կամ (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Կոնվենցիայի վավերացման գործընթաց սկսելուց առաջ Հայաստանի կառավարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողով` դրա վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու համար:

Յուրի Խաչատուրովը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկն է, նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ: