11 նոյեմբերի 2019 - 11:46 AMT
Գորիսում հետիոտնային փողոց է կառուցվում, հին քաղաքի դիտակետ

Գորիսում կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, Գորիսի կարևոր փողոցներից մեկը, որ տասնամյակներ չի նորոգվել, կապիտալ նորոգվում է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նոյեմբերի 10-ին աշխատանքային այց է կատարել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր:

«Բուդկաներով պատված տարածքն էլ ազատվել է և դառնում է ճեմուղի»,-նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Գորիսում վարչապետը ծանոթացել է իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին: Մարզում ներկայում իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել Մաշտոցի՝ 670 մետր երկարությամբ փողոցի, ինչպես նաև դեպի Վերիշեն գյուղ տանող 700 մետր ճանապարհի վերանորոգման աշխատանքները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Մաշտոցի փողոցի վերանորոգման համար ներդրվել է 250, իսկ Վերին տանող փողոցի համար՝ 153 մլն դրամ: Զեկուցվել է, որ վերջինս չէր վերանորոգվել շուրջ 40 տարի: Բացի ճանապարհների վերանորոգումից, իրականացվում են նաև մայթերի վերակառուցման և սալիկապատման աշխատանքներ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հին Գորիսի վերականգնման ծրագրի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի շրջանակում վերանորոգվում են քարանձավները, զբոսաշրջիկների համար հիմնվում է Գորիսի կոլորիտին համապատասխան ճեմուղի։ Կապիտալ վերանորոգվում է նաև քաղաքի թատրոնը, որի համար ներդրվել է 500 մլն դրամ:

Այնուհետև վարչապետն այցելել է Վերիշեն գյուղ, որը մտնում է խոշորացված Գորիս համայնքի մեջ, ծանոթացել 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շուրջ իրականացվող զբոսաշրջային կենտրոնի կապիտալ բարեկարգման աշխատանքներին: Այստեղ գործելու են նաև տաղավարներ, որոնք զբոսաշրջիկներին կներկայացնեն մարզի զբոսաշրջային գրավչություններն ու կոլորիտը: Ծրագիրը գնահատվում է 100 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաև Վերիշենի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները, որոնց համար ծախսվելու է 68 մլն դրամ:

Վարչապետին է ներկայացվել նաև Գորիսի քաղաքային մարզադաշտի կառուցման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է, որ մարզադաշտը կունենա 4000 նստատեղ, կբարեկարգվեն հարակից տարածքները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ 2019 թվականին 2017-ի համեմատ սուբվենցիոն ծրագրերը 450 մլն դրամից հասել են 3 մլրդ 900 մլն դրամի: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ նշել է, որ միայն իր գլխավորած համայնքն իրականացնում է 1,5 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, քաղաքում մեծ թափ է ստացելշինարարությունը, ներդրումային ծրագրեր են իրականացվում զբոսաշրջության ոլորտում: Ըստ քաղաքապետի, առկա է նաև աշխատուժի ներգրավման խնդիր. բանվորի միջին աշխատավարձը Գորիսում կազմում է 180 հազար դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա ընթացքում մարզային համայնքների սեփական եկամուտներն աճել են 2,5 մլրդ դրամով, ինչը ևս խթանել է կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդլայնումը: