11 նոյեմբերի 2019 - 12:22 AMT
Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովում

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նոյեմբերի 8-10-ը Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ կողմից կազմակերպված «Պոպուլիզմը և ավանդական քաղաքականությունը. Մարտահրավերներ և լուծումներ» աշխատաժողովին, որն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ։

Նա հանդես է եկել բացման խոսքով, հայտնում է ՀՀԿ գրասենյակը։

Նշվում է, որ աշխատաժողովը համախմբել է ՀՀԿ տարբեր կառույցների ներկայացուցիչների։ Մասնակիցները քննարկել են կուսակցական աշխատանքի կազմակերպման նոր մարտահրավերները, ամբոխավարական քաղաքական օրակարգի պարագայում գաղափարական քաղաքական միավորների գործունեության առանձնահատկությունները, կանանց եւ երիտասարդների դերակատարումը կուսակցական քաղաքականության մեջ և այլ թեմաներ։

Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքաղաքական օրակարգերի փոխկապակցված հիմնախնդիրներին, մարդու իրավունքների արդի վիճակին, տնտեսական ցուցանիշների դինամիկային և մամուլի ազատությանը։

Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև մի շարք սոցիոլոգիական հարցումների արդյունքներ, զեկույցներով հանդես են եկել տարբեր ոլորտների առաջատար փորձագետներ և հասարական կառույցների ներկայացուցիչներ։

«Կարևորվել են հիմնական աշխատանքային առաջնահերթությունները և տրվել ոլորտային հանձնարարականներ»,-ասված է հայտարարության մեջ: