11 նոյեմբերի 2019 - 15:21 AMT
Նոր նամականիշ՝ նվիրված ՀՀ առաջին փոստային նամականիշի 100-ամյակին

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:

230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը1919 թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է «К. 60. К» հավելատիպը:

Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին փոստում օգտագործվող կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: