12 նոյեմբերի 2019 - 15:02 AMT
«Իմ քայլից» պատգամավոր. Բաբայանին անձնական երաշխավորություն տալը քննարկվել է քաղաքական թիմի հետ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալը քաղաքական թիմի հետ քննարկված որոշում է եղել: Այս մասին հայտնել է Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է դիտարկվի բացառիկ դեպքերում, հայտնում է Factor.am-ը:

Պատգամավորը նշել է, որ Արսեն Բաբայանին ճանաչել է անձամբ և, իր կարծքիով, այս փուլում Բաբայանը չի խոչընդոտի նախաքննությանը: Գաբրիելյանն անձնական երաշխավորությունը ներկայացրել է նոյեմբերի 11-ին՝ վճարելով նախատեսված կես մլն դրամ գումարը:

«Եթե քննությունը եկել, հասել է մի փուլի, որ իրավապահ մարմինների համար բավարար չափով ապացույցներ կան, իմ խորին համոզմամաբ, կարելի է, տվյալ դեպքում՝ Բաբայանի խափանման միջոցը փոխել և նրան ազատության մեջ թողնել մինչև նախաքննության ավարտը»,- ասել է Գաբրիելյանը՝ հիշեցնելով, որ ազատ արձակվելու որոշումը վերաբերում է մինչև այս գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը հրապարակելուն:

Պատասխանելով հարցին, թե ինչու նույն բանն անել հնարավոր չէ նաև երկրորդ նախագահ, Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի դեպքում, Գաբրիելյանը նշել է՝ անձնական երաշխավորություն տալը կախված է մարդուն ճանաչելուց:

«Չեմ պատրաստվում երբևէ անձնական երաշխավորություն տալ Ռոբերտ Քոչարյանին: Բարեբախտաբար, առիթ չեմ ունեցել իր հետ շփվելու: Իսկ Արսեն Բաբայանին ճանաչում եմ, և սա նաև իմ անձնական որոշումն է»,-ասել է պատգամավորը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման՝ պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։