12 նոյեմբերի 2019 - 17:17 AMT
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են վիզաների ազատականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հրատապ հարցեր, անդրադարձել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման ՀՀ-ԵՄ երկխոսության մեկնարկի ուղղությամբ իրականացվող քայլերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով։

Իր հերթին վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետը նշել է, որ տարբեր առիթներով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և այդ ուղղությամբ ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություն։