13 նոյեմբերի 2019 - 13:53 AMT
Փաշինյան. Թամադաների պատրաստող կրթահամակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադառնալով կրթական համակարգին, ասել է որ Հայաստանին այսօր ինժներներ են պետք: «Մենք ասում ենք՝ եկեք, թամադաների պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով»,-ասաց Փաշինյանը:

«Որ պահին երիտասարդը որակավորվի ինժեներ, կես ժամ հետո սկսած 200 հազար դրամով աշխատանք կգտնի, 1 տարվա ընթացքում նրա աշխատանքը կկրկնապատկվի, կեռապատկվի: Այստեղ կա մի խնդիր, գուցե նա չունենա բավարար կրթություն տպավորիչ կենացների համար: Բայց դա լուծելի խնդիր է, երևի այդ հարցն ինքնակրթության էլ կարելի է լուծել»,-ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը:

Փաշինյանը հավելել է, որ այս պահին Հայաստանում ՏՏ ոլորտում մոտ 4 հազար թափուր աշխատատեղ կա:

«Մենք հիմա հնարավորություն ունենք ոչ միայն աղքատությունը հաղթահարել, այլև մարդկանց բերել բարեկեցության վիճակի: Մենք նայում ենք կրթական ծրագրերը և տեսնում, թե ոնց ենք այդ դասաժամերը զբաղեցնում և ինչ կարող ենք ազատել, որը ճակատագրական նշանակություն չի կարող ունենալ, որպեսզի երեխային տանենք այն ճանապարհով՝ հզորացնելով ֆիզիկա, մաթեմատիկա, տեխնիկական գիտությունների կրթությունը: Որպեսզի երեխան, ավարտելով դպրոցը, այնպիսի բուհ գնա, որ դրանից հետո մուտք գործի բարեկեցիկ կյանք»,-ասել է վարչապետը:

ԵՊՀ Հայ բանասիրության և Հայոց պատմության ֆակուլտների ուսանողներն արդեն մի քանի օր դասադուլ են անում, պահանջում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նաև դեմ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծին, որի համաձայն, բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայ պատգամավորներ, հասարակական, մշակութային գործիչներ, գործարարներ: Նրանք տարբեր հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետին՝ սկսած վիզաների ազատականացումից մինչև տնտեսական առաջնահերթություններ: