13 նոյեմբերի 2019 - 14:11 AMT
Փաշինյան. Վերջին 1.5 տարում ձեռք ենք բերել այնքան զենք-զինամթերք, որքան չի եղել տեսանելի ժամանակաշրջանում

Հայաստանի կառավարությունը երկրում բարեփոխումների իրականացման հարցում առաջ է շարժվում հնարավոր մաքսիմալ արագությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում՝ հավելելով, որ 1 տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն աճել է 20%-ով: «1.5 տարվա ընթացքում Հայաստանում էականորեն աճել են զինվորականների աշխատավարձերը: Հայաստանում բարձրացել է ուսուցիչների աշխատավարձը, հունվարի 1-ից բարձրանում է թոշակները, բարձրացել են հրշեջների, անտառապահների աշխատավարձերը: Հայաստանում վերջին 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»,- ասել է վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամը 2-3 տարի առաջ եզրակացություն է արել՝ եթե Հայաստանում տարեկան 0.3%-ով կրճատվի ստվերային տնտեսության ծավալը, դա կարելի է համարել հսկայական հաջողություն Հայաստանի համար:

«Մեր գործունեության մի տարվա արդյունքում մեր ստվերային տնտեսության ծավալը կրճատվել է 1.2 տոկոսով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի երազանքից 4 անգամ ավել: Մենք 1.5 տարվա ընթացքում առողջապահությանը հատկացվող ֆինանսավորման ծավալն ավելացրել ենք 30 մլրդ դրամով: Մենք այս տարի դպրոցների մարզագույք ձեռք բերելու համար հատկացրել ենք այնքան գումար, ինչքան չի հատկացվել վերջին 10 տարվա ընթացքում միասին վերցրած: Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես մեկ միլիարդ դոլարով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանն առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո զբոսաշրջիկների թիվը Հայաստանում էականորեն աճել է, իսկ վերջին 1.5 տարվա ընթացքում նրանք Հայաստանում մոտավորապես $250 մլնավելի գումար են ծախսել: «Մենք միկրոբիզնեսին հունվարի 1-ից ազատում ենք բոլոր տեսակի հարկերից: Մենք այս վերջին 1.5 տարվա ընթացքում մոտավորապես $300 մլննախկինում կուտակված ավելացված արժեքի հարկի պարտք ենք վերադարձրել բիզնեսին: Մենք տասնյակ ծրագրեր ենք անում փոքր բիզնեսի, գյուղատնտեսության ոլորտում, և մեր ասելիքը մեկն է՝ Հայաստանի քաղաքացին չպետք է խնդրարկու լինի իրենից հարուստների, կառավարության, այսպես կոչված բարեգործական կազմակերպությունների համար, ՀՀ քաղաքացին պետք է աշխատի և աշխատանքով ապահովի իր բարեկեցությունը»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ նույն ուղերձը հղում են նաև սփյուռքին, քանի որ Հայաստանը և Հայաստանի քաղաքացին չպետք է լինեն գթասրտության օբյեկտ:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպել է այդ երկիր կատարած պաշտոնական այցի ընթացքում: Վարչապետը Ֆրանսիայում է՝ մասնակցելու Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ Գլխավոր կոնֆերանսին։