13 նոյեմբերի 2019 - 14:27 AMT
Դիլիջանը ֆուտբոլի վերակառուցված մարզադաշտ կունենա

Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հետ համատեղ 2019-ին մեկնարկել է Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի վերակառուցման և հարակից կառույցների վերազինման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Դիլիջանում մանկապատանեկան ֆուտբոլը:

IDeA հիմնադրամը, նպատակ ունենալով Դիլիջանը դարձնել մշակութային, կրթական և զբոսաշրջային կենտրոն, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի նախաձեռնությամբ ձեռնարկել է մարզադաշտի վերակառուցման նախագիծը:

Մինչ այս անբարեկարգ վիճակում գտնվող ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Մարզադաշտի բարեկարգման շնորհիվ՝ Դիլիջանի և շրջակա համայնքների տղաներն ու աղջիկները հնարավորություն կունենան հաճախել ֆուտբոլի մարզումների պրոֆեսիոնալ մարզիչների մոտ և մասնակցել ֆուտբոլային խաղերի:

Դիլիջանի «Քաղաքային» մարզադաշտի կառուցումը մեծ խթան կհանդիսանա ընդհանրապես Տավուշի մարզում ֆուտբոլի հանդեպ հետաքրքրության մեծացմանը, ինչպես նաև Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

Վերկառուցված «Քաղաքային» մարզադաշտը կհամալրի Դիլիջանում IDeA հիմնադրամի կողմից կյանքի կոչված մի շարք հաջողակ ծրագրերը, որոնցից են UWC Դիլիջան դպրոցը, Համայնքային կենտրոնը, բարեկարգված քաղաքային այգին, Արվեստների և արհեստների կենտրոնը (MADE) և Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: