13 նոյեմբերի 2019 - 14:47 AMT
Վարդան Ղուկասյան. Պապ թագավորը գալուբոյ է եղել, մարդն էլ կատու չպիտի պահի

Պետք է ֆիլմ նկարել Անդրանիկ զորավարի, Վարդան Մամիկոնյանի, նախնիների և սրբերի մասին: Այս մասին, Factor.am-ի հաղորդմամաբ, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին հարցին:

«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպի համար, որ թողել գնացել է Գյումրիից, պետք է 20 մլն փող տա՞ն: Հետո Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք: Հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետևի՞ց»,- ասել է Ղուկասյանը: Վարդան Ղուկասյանն ասել է, որ Դալուզյանին պարգևատրել է ժամանակին, բայց չի էլ իմացել, որ նա այլ կողմնորոշում է ունեցել:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ճիշտ է համարում դիտարկումը, որ լատենտ գեյերն են վախենում միասեռականությունից՝ Ղուկասյանն ասել է, որ չի հասկանում այդ բառերից:

«Ես գիտեմ, որ մարդը պիտի ընտանիք ունենա, ես գիտեմ, որ մարդը պիտի երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ Ղուկասյանն ասել է, թե նախարարը պետք է հրաժարական տա: «Հայոց եկեղեցին ու հայոց լեզուն գիտե՞ք ովքեր են ուզել վերացնել՝ թուրքերը, պարսիկները, մոնղոլները, ովքեր ուզել են, որ հայոց պետականությունը վերանա: Որտեղ բնակություն է հայոց ազգը հաստատել, կառուցել է իր հոգևոր տունը՝ եկեղեցին, ու դպրոցը: Հիմա ինչի՞ ենք մենք ուսումնական հաստատություններից հանում, հանում ենք որ ի՞նչ: Ի՞նչ ենք բերում դրա տեղը՝ էն այլանդակված, այլասերված բա՞նը»,- ասել է պատգամավորը:

ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ է հատկացրել Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման համար: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը ֆինանսավորել է ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողները բողոքում են «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման 2.7 մլն ֆինանսավորման համար: