Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ:
Մանուկյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:
«Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»,-ասել է Մանուկյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ ժողովրդին համախմբելը:
Մանուկյանը նշել է, որ այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը: Նրա խոսքով՝ խորհրդի վերջին նիստին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ համագործակցության եզրեր գտնելու, Հանրային խորհրդի միջոցով «պետության համար վտանգավոր» քայլեր կանխելու համար, սակայն ապարդյուն:
Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի կազմից դուրս գալու իր որոշման մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը:
Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 10 տարի տարի առաջ` 2009թ.–ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019թ.–ի ապրիլի 4-ին։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, օրեր առաջ ասել էր, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է: Սիմոնյանը նաև ասել էր, որ լավ կլինի Վազգեն Մանուկյանն ինքը դա գիտակցի ու հրաժարական տա։