13 նոյեմբերի 2019 - 16:05 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն. Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը սևով ներկելու միջադեպին, հայտարարել է, որ այդ գործողությունները կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Դեսպանությունը ռուս պատգամավորի գործողությունները որակել է որպես վանդալիզմի ակտ ՀԱԵ եկեղեցու տարածքում, ինքնաիրավչության դրսևորում, ինչը հակասում է օրինականությանը:

«Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին:

Կոչ ենք անում Արմավիրի քաղաքային իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին: Տեղի ունեցած միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում», - ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Ըստ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Վինոգրադովի, նոյեմբերի 11-ին սպառվել է ժամկետը, որի ընթացքում Արմավիրի քաղաքային իշխանությունները պետք է ապամոնտաժեին հուշատախտակը, սակայն չեն արել դա, և պատգամավորը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել», հայտնում է «Կրասնայա վեսնա» լրատվական գործակալությունը:«Պատգամավոր Վինոգրադովը չի հաշտվել առկա վիճակի հետ և արտահայտել է իր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհի հուշատախտակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: