14 նոյեմբերի 2019 - 13:29 AMT
Արսեն Բաբայան. Կալանավորումս մեկ նպատակ ուներ՝ Թովմասյանի հրաժարականը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, մամուլի ասուլիսում ներկայացնելով իր կալանավորման հետ կապված հարցերը, հայտարարել է, որ իր նկատմամբ կիրառվող բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն` հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին կամ նրան հեռացնել ՍԴ-ից:

Ըստ Արսեն Բաբայանի, դա քաղաքական հետապնդում է, թեև իշխանությունը ներկայացնում է, թե դա չի կարող քաղաքական լինել, քանի որ Արսեն Բաբայանը քաղաքական գործիչ չէ, հայտնում է Shantnews.am-ը:

«Քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ էր, չէր կարող գոյություն ունենալ: Դրան հաջորդող ձերբակալությունը ևս խայտառակություն էր, որի հիմքում դրվել էր փախուստը, թաքնվելը: Բայց ո՞վ պիտի փախչեր և ինչո՞ւ պիտի փախչեր: Ինձ 22 օր նստեցնելով` նպատակ ունեին հասնել նրան, որ ցուցմունք տամ՝ իբր խելքը գլուխդ հավաքիր»,- ասել է Արսեն Բաբայանը:

Խոսելով այն մասին, թե ինչ է ինքը նախատեսում անել կալանքից ազատվելուց հետո, Արսեն Բաբայանն ասել է, որ ավելի ակտիվ զբաղվելու է իրավական գործունեությամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ազատ է արձակվել նոյեմբերի 12-ին:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ նրան մեկ այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Հոկտեմբերի 24-ին Բաբայանը կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության պաշտոնական հիմնավորման՝ պաշտոնական անձինք, որոնց թվում է նաև Բաբայանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։