19 նոյեմբերի 2019 - 15:39 AMT
Մանվել Գրիգորյանը դատարանից հիվանդանոց է տեղափոխվել

Երկրապահ կամավորական միության նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը դեռ չսկսված ընդմիջվել է Գրիգորյանի ինքնազգացողության վատացման պատճառով: Նրան շտապօգնության աշխատակիցները դուրս են հանել նիստերի դահլիճից, հաղորդում է Factor.am-ը:

Ընդմիջումից հետո դատարանը հայտնել է, որ Գրիգորյանին կրկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: Նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող 3 տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։