19 նոյեմբերի 2019 - 15:54 AMT
ՀՖՖ գործկոմի անդամ. 9:1 հաշվով պարտության պատասխանատուն Վանեցյանն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Հայաստան-Իտալիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի 9:1 հաշվով պարտությանը, դրա պատասխանատու է համարում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին:

«Այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է մեզ համար: Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի: Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Հետևաբար մեղավոր են բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է»,- ասել է Մկրտչյանը, հայտնում է Factor.am-ը:

Պատասխանելով այն հարցին, թե ՀՖՖ գործկոմն ունի արդյոք ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ՝ Արեն Մկրտչյանն ասել է. «Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»: Անդրադառնալով այն հարցին, թե այդ դիրքորոշմանը նպաստե՞լ է իրողությունը, որ Արթուր Վանեցյանն այլևս իրենց (իշխող քաղաքական խմբի) թիմի անդամ չէ՝ Արեն Մկրտչյանն ասել է. «Պարոն Վանեցյանը եղել է ԱԱԾ տնօրեն, և երբևէ մեր թիմի անդամ չի եղել: ԱԱԾ տնօրենը երբևէ որևէ թիմի անդամ չի լինում»:

Նա նաև հայտնել է, որ ՀՖՖ գործկոմը ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ դնելու ուղիղ լիազորություն չունի, բայց կարող է ժողով հրավիրել և այդ հարցը բարձրացնել:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 9:1 հաշվով Եվրո-2020-ի որակավորման վերջին՝ 10-րդ տուրում, պարտվել է Իտալիայի ընտրանուն։Սա Հայաստանի ընտրանու պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է:Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավել է նախավերջին տեղը՝ անցնելով միայն Լիխտենշտեյնին։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հետ խաղում 9:1 հաշվով պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: