19 նոյեմբերի 2019 - 16:31 AMT
Բեյրութում ցուցարարները փակում են խորհրդարանի մուտքերը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները փակել են խորհրդարանի մատույցները, որտեղ պետք է նիստ կայանա: Ճանապարհներին բարիկադներ են կառուցվել: Ակտիվիստները թույլ են տալիս երթևեկել միայն ռազմական տրանսպորտին և շտապ օգնության մեքենաներին:

Պատգամավորների մի խմբի, որը փորձում էր բարիկադների միջով հասնել խորհրդարնի շենքին, ակտիվիստները քարկոծել են: Նրանց թիկնապահները օդ են կրակել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նոյեմբերի 19-ին կայանալու է խորհրդարանի նիստ, որի ժամանակ նախատեսվում է մի շարք օրենքներ ընդունել, այդ թվում համաներման մասին օրենքը, որին դեմ են հակակառավարական ցույցերի մասնակիցները:

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ կոռուպցիոն սխեմաներին առնչություն ունեցող պաշտոնյաները ևս կօգտվեն համաներումից և կխուսափեն պատասխանատվությունից: Մի շարք փորձագետներ կարծում են, որ համաներմամբ կարղ են ազատ արձակվել ծայրահեղականները, որոնք կապ ունեն ահաբեկչական խմբավորումների հետ: