19 նոյեմբերի 2019 - 17:16 AMT
Հրազդանի համար 8 հիմնական դպրոցն արդեն ֆրանսերենի դասասենյակ ունի

Հրազդանի համար 8 հիմնական դպրոցում այսուհետ երեխաները ֆրանսերեն լեզուն կուսումնասիրեն նոր ու կահավորված դասասենյակում:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» համատեղ ջանքերով ստեղծված դասասենյակը հագեցած է մուլտիմեդիա բոլոր հնարավորություններով. համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ, հայկական արտադրության հեռուստացույց, ֆրանսիական հարուստ գրականություն, ինչպես նաև փափուկ կահույք՝ ոչ ֆորմալ դասաժամեր կազմակերպելու համար:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ սովորող երեխաները համալրեցին այն երջանիկ աշակերտների շարքը, ովքեր հնարավորություն ունեն նման գեղեցիկ դասասենյակում անցկացնելու ֆրանսերենի դասերը: Հիմա այստեղ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, որպեսզի երեխաներն ավելի արդյունավետ սովորեն ֆրանսերեն լեզուն և, որ ավելի հետաքրքիր անցնի իրենց դասաժամերը»,-իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Շատ տպավորված եմ, երբ տեսնում եմ երեխաներն ինչպես են պատրաստվել ու ինչպիսի ոգևորությամբ են սովորում: Տեսնում եմ նաև ուսուցիչների աշխատանքը: Շնորհակալություն եմ հայտնում իրենց, որ մեծ ջանքեր են գործադրում ֆրանսերենի ուսուցման համար: Շնորհավորում եմ դպրոցի տնօրինությանը, որ ունեն այսպիսի ժամանակակից դասասենյակ»,- նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: