19 նոյեմբերի 2019 - 18:02 AMT
ԱԺ-ում քննարկել են քրենթամշակույթին հարելը քրեականացնող օրինագծերը

Քրեական աստիճանի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու և պահպանելու համար նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն: Այս մասին ԱԺ-ում հայտնել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթների հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարն ընդգծել է, որ նախագիծը քրեական պատիժ է սահմանում հանրության համար վտանգավորության բարձր աստիճան ունեցող արարքների համար, որոնք ոչ միայն ունեն քրեաիրավական հետևանքներ, այլ նաև այլ քրեական արարքների կատարման հիմք են հանդիսանում:

Նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ քրեական ենթամշակույթի տարածման պատճառներից մեկը դատաիրավական համակարգի հանդեպ ունեցած անվստահությունն է եղել: Պատգամավորի խոսքով՝ օրենքի կիրառման համար անհրաժեշտ է նաև դատաիրավական բարեփոխումների անցկացում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի կարծիքով միայն օրենսդրական ակտով հնարավոր չէ պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, պետք է սկսել կրթական հաստատություններից:

«Մենք դեմ չենք, որ օրենքը ընդունվի և առաջ գնա, բայց թերությունները պետք է շտկվեն, հակառակ պարագայում կստացվի մի իրավիճակ, որ, 2-3 մեղավոր մարդու ձերբակալելու փոխարեն, հարյուրավոր անմեղ մարդկանց են ձերբակալում: Եվ, եթե դուք ասում եք՝ թերություններ, բացեր կան, թող գնա դատարանը մեկնաբանի, ո՞ր դատարանը, որին ոչ մեկդ չեք վստահո՞ւմ»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, որ եթե ունեն իրավական որոշակիություն մտցնելու հնարավորություն, պետք չէ այն թողնել դատարանների հույսին:

ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացնող պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ նախագծում բաց են իրավական որոշակիության հարցերը:

«Ի՞նչ է նշանակում ասենք՝ «բարձրագույն աստիճանակարգություն», եթե կա դա, ապա պետք է լինի նաև միջին, կրտսեր: Ո՞վ է այս հանցակազմի սուբյեկտը, պարո՛ն նախարար: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 9-րդ հոդվածը ուղղակիորեն սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի չհիմնավորված մեղադրանքից, կամայական մեղադրանքից պաշտպանվելու իրավունք, իսկ կամայականություն դրսևորվում է այնտեղ, որտեղ կա իրավական անորոշություն: Մենք միշտ ասել ենք և ասում ենք՝ հանցագործը պետք է պատժվի: Բայց մարդը պիտի պատժվի իր արարքի համար»,- ասել է Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով՝ պարզ չէ, թե որն է այն մշակույթը, որ «ենթա»-ն քրեականն է:

«Եթե մի բան ունի «ենթա», պիտի ունենա նաև հիմնական: Համակարգն ունի ենթահամակարգ, կառուցվածքն ունի ենթակառուցվածք: Էդ ի՞նչ մշակույթ է, որի «ենթա»-ն էլ քրեական է: Եթե դա գողական աշխարհի մշակույթն է նշեիք, եթե դա ընդհանուր աշխարհի մի մասն է, ուրեմն ուզում ենք առանց հանցավոր արարքի դատել մեր երկրում չգրանցված մշակութային գործիչների»,-եզրափակել է Պետրոսյանը:

Նախագծի մասին հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանն արձագանքել է այս դիտարկմանը՝ նշելով, որ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում» հասկացության բացատրությունը սպառիչ տրված է նախագծում, նախարարը նաև նշել է, որ քրեական պատասխանատվություն նախատեսվում է կոնկրետ արարքների համար: