20 նոյեմբերի 2019 - 11:43 AMT
ՎԶԵԲ. Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, կայուն աճ կա

2019-ին Հայաստանին հաջողվել է պահպանել համախառն ներքին արդյունքի կայուն աճ՝ չնայած հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Այս մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցում՝ հավելելով, որ ընթացիկ տարում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 6%-ով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նշվում է, որ հանքարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16%-ով: Չնայած դրան՝ 2019-ին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-1.7%-ով:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ ինքնին բարձր տնտեսական աճը, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա: Պետական կառավարման ոլորտի բարելավումը, կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտների խթանումը միտված են ապահովելու Հայաստանում կայուն աճ:

Զեկույցի համաձայն՝ Վրաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 4.5 % աճ և ավելի քան 4 % սղաճ, իսկ Ադրբեջանում և՛ ՀՆԱ-ի աճը, և՛ սղաճն ընթացող տարում կազմելու են 2.8%: