20 նոյեմբերի 2019 - 11:50 AMT
Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են անում. Միացել են ԿԳՄՍՆ դիմաց նստացույցին

Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել և երթով շարժվում են՝ միանալու ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներին և ուսանողներին։

«Դեմ ենք, որ ոտնահարեն մեր կարևորագույն արժեքները, ուզում ենք կոչ անենք հասարակությանը, որ անտարբեր չանցնեն։ Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև հասնենք մեր ուզածին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ Հյուսիսային համալսարանի ուսանողները պատրաստակամ են մինչև վերջ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների կողքին:

ԵՊՀ հայ բանասիրության և այլ ֆակուլտետների ուսանողներ մի քանի օր է դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:Ուսանողները և դասախոսները դժգոհ են ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր նախագծից, ըստ որի՝ բուհերում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու:

Նոյեմբերի 18-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել էր դասախոսների հետ՝ քննարկելու օրենքի նոր նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն, ըստ դասախոսների, հանդիպումը կառուցողական չէր, իսկ վերաբերմունքը հեգնախառն էր: