20 նոյեմբերի 2019 - 12:16 AMT
Մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի. Բաց մրցույթ է հայտարարվում

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում:

«Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները: ❗ Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,-ասվում է գրառման մեջ:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: