20 նոյեմբերի 2019 - 13:29 AMT
Իջևանում հովազը հարձակվել է մարդու վրա և վնասվածքներ պատճառել

Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 41-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն, հայտնոմ է «Հայկական ժամանակը»:

Գաբրիելյանը պատմել է, որ այդ անտառներում ինքն ունի մոտ 150 խոզ: Պարբերաբար գնում է ստուգելու, թե որտեղ են, պակասել են, թե ոչ:

Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ 2,5 ժամ: «Բռունցքը, որ մտցրել էր հովազի բերանը, լրիվ վնասված էր, շուրթը ճանկով կիսված էր, թևը նախաբազկի շրջանում էլի խոր վերք էր, երկու թևերը վնասված էին: Հիմա վիճակը կայուն է: Ստացել է փայտացման, կատաղության դեմ բոլոր պատվաստանյութերը: Եվս մեկ շաբաթ կգտնվի բժիշկների հսկողության տակ: Վերքերի մշակումը կազմակերպվում է, բոլոր հետազոտությունները կատարվել են, արդեն ելնում է ոտքի:Վախենալն էլ իր պարագայում չկա, քանի որ որսորդ է: Եթե որսորդ չլիներ, հարյուր տոկոս հիմա ողջ չէր լինի»,- նշել է Վազգեն Մարգարյանը:

Նա նշել է, որ Իջևանի անտառներից հիմա շատերն են պտուղ հավաքում. հովազի առկայությունը մեծ վտանգ է նրանց համար թե՛ հոգեբանական առումով (կարող են վախենալ և տարատեսակ հիվանդություններ ձեռք բերել) և թե՛ ֆիզիկապես՝ պայքարելու և փրկվելու համար: «Եթե Արմանը փորձառու որսորդ չլիներ, հաստատ մենք լուրջ խնդիր կունենայինք»,- նկատել է բժիշկ Մարգարյանը:

Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և նրան որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաև քրեական օրենսգրքով: Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:

Կովկասյան ընձառյուծն ընդգրկված է նաև Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն հովազի որսի համար մեծ տուգանք է սահմանված: