20 նոյեմբերի 2019 - 14:16 AMT
Փաշինյանը Սբ Ղազար կղզում ծանոթացել է ջրհեղեղի հետևանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իտալիա արդեն մեկնարկել է: Վարչապետն այցելել է Վենետիկի Սբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև տեսանյութ հրապարակել:

«Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»,-գրել էր վարչապետը:

Վարչապետին ներկայացվել են այն վնասները, որ միաբանությունը կրել է Վենետիկի հեղեղման ժամանակ։

Հորդառատ անձրևների և անբարենպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին:Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կլինի Իտալիայի Հանրապետությունում: Վենետիկից Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: