20 նոյեմբերի 2019 - 14:58 AMT
Ավինյան. «Վերնատունը» նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի հետևել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գործընթացին, սակայն դրական կարծիք ունի ակումբի մասին։ «Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին», - լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը:

Դիտարկմանը, թե ակումբը համաժողովի ընթացքում արձանագրել է, որ ներկայիս իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում, ճիշտ ուղով չի գնում՝ Ավինյանն արձագանքել է. «Ես համոզված եմ, որ այդ ուժի ներկայացուցիչները բոլոր այս հարցերում նոր մոտեցումներ կներկայացնեն»։

Նոյեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:«Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:Համաժողովին հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։