20 նոյեմբերի 2019 - 22:21 AMT
Միջադեպ Միլանում. Ադրբեջանցին Փաշինյանին խնդրել է «ազատել» Շուշին ու Խոջալուն

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ Ադրբեջանցին, Armtimes.com-ի հաղորդմամբ, մի քանի անգամ շեշտել է, որ Փաշինյանը ժողովրդավար է, այդ պատճառով դիմում է իրեն:

«Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը:

Նրա խոսքից հետո եկեղեցում փոքր-ինչ իրարանցում է սկսվել, տեղի հայերը սկզբում թույլ չեն տվել որ բոլգերն արտահայտվի, սակայն Փաշինյանը խնդրել է հանդարտություն պահպանել և թողնել, որ ադրբեջանցին խոսի։

«Փաստ է, որ դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Ես ուզում եմ արձանագրել, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը և նրան հարց տալ»,- ասել է վարչապետը։

Անդրադառնալով բլոգերի հայտարարությանը, թե ողջ աշխարհն ընդունել է ադրբեջանցիների ցեղասպանությունը, Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբջանի նախկին նախագահ Այաս Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական թերթերից մեկին և ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ իշխանության հեղաշրջում կատարելու համար։

Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ինքն Ալիևին ասել է, որ Հայաստանի միակ ղեկավարն է, որն արձանագրել է՝ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբջանի ժողովուրդների համար․

«Ես կրկին առաջարկում եմ, որ Ադրբջանի նախագահը նման հայտարարություն անի, քանի որ դա է մեր տարածաշրջանի կայունության գլխավոր բանաձևը»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով արցախյան հակամարտության ծագման ընթացքը։

Փաշինյանի պատասխանի ընթացքում բլոգերը խնդրել է նաև, որ թույլ տան իր հետ եկած անձը տեսանկարահանի ընթացքը, վարչապետը համաձայնել է։ Վարչապետի պատասխանից հետ բլոգերը բարձրաձայն կրկնել է՝ «Շուշին Ադրբեջանինն է, ես գնացի, անվտանգ կգնա՞մ», Փաշինյանն ասել է՝ խնդիր չկա։