21 նոյեմբերի 2019 - 10:29 AMT
Փաշինյան. Քարոզում եմ սեր, ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը, բայց նա էլ շուռ տվեց սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանում, Հայ Առաքելական Սուրբ քառասուն մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտարարել է, որ ինքը սեր է քարոզում, ինչպես Հիսուս Քրիստոսը, սակայն նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց այն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները:

Վարչապետն, անդրադառնալով հանդիպման ժամանակ մի կին գիտնականի կողմից հնեչցված իր հրաժարականի պահանջին և ատելության քարոզի մասին դիտարկմանը, հավելել է նաև, որ քանի դեռ ունի Հայաստանի ժողովրդի վստահությունը, կարիք չունի հրաժարականի մասին մտածելու:

«Երբ չունենամ ժողովրդի վստահությունը, որևէ մեկին չեմ թողնի, որ նույնիսկ ակնարկի դրա մասին՝ րոպե առաջ, դա կանեմ, քանի որ վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար...ինչպես, կներեք, չարիք են եղել երկրի բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության, տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը: Մեր օրերում այդպիսի իշխանություն և այդպիսի իրավիճակ չի լինելու»,– ասել է նա:

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայ համայնքի ներկայացուցիչը, ներկայանալով որպես գիտնական, ով աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում և դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել է. «Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար»:

Հանդիպումից հետո վարչապետը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, զարգացման ծրագրերին, ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը իտալահայ գրող, գիտնական Անտոնիա Արսլանին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ և բարձր գնահատել նրա ներդրումը և գործունեությունը գիտակրթական ոլորտում: