21 նոյեմբերի 2019 - 10:59 AMT
Վարչապետ. Կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում՝ ԼՂ խնդրի փոխընդունելի լուծում գտնելու

Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոնում, որտեղ հանդես է եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը:Նա նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր չէ լուծել առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության:

Անդրադառնալով այն պատճառներն, թե ինչու ԼՂ հիմնախնդիրը դեռ լուծված չէ՝ Փաշինյանն ասել է, որ նախ և առաջ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է համարվի Ադրբեջանի անբաժանելի մասը: Բայց դա իսկապես շատ տարօրինակ դիրքորոշում է: Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղը լինի իրենց տարածքային ամբողջականության մաս: Մյուս կողմից, նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Սա մի փոքր տարօրինակ չէ՞:

Ի՞նչ է նշանակում նրանց այս կեցվածքը: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի: Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից:

«Չի բացառվում ռազմական լուծումը», - դա բնորոշ հայտարարություն էր՝ արված նախագահ Ալիևի կողմից բազմաթիվ առիթներով: «Ցանկացած պահի մենք կարող ենք հարցը լուծել ռազմական ճանապարհով», - ասվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2017 թվականի հունվարի կառավարության նիստում արվսծ հայտարարության մեջ, որի ժամանակ քննարկվում էր երկրի տնտեսական զարգացումը»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի: Սա է պատճառը, որ նրանք հակահայկական տրամադրություններ են բորբոքում իրենց ժողովրդի մեջ, նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա: «Ահա թե ինչու հակահայկական ատելության խոսքը դարձել է պաշտոնական քաղաքականություն Ադրբեջանում: Ահա թե ինչու հայատյացությունը դարձավ պետական քաղաքականություն Ադրբեջանում...ամենաողբերգականն ու ցինիկը Ռամիլ Սաֆարովի մասնակցությամբ դեպքն էր, ով Բուդապեշտում կացնով սպանեց ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող իր հայ դասընկերոջը քնած ժամանակ: Նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման, այնուհետև Հունգարիայի իշխանությունների կողմից նա արտահանձնվեց Ադրբեջանին: Դրանից հետո նրան ողջունեցին որպես Ադրբեջանի ազգային հերոս: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց. բարձրացվեց նրա զինվորական կոչումը և շնորհվեց բնակարան»,-ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ անկախ այս բոլոր հանգամանքներից՝ չնայած Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությանը, Հայաստանը ձեռնարկում է կոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ:«Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար:Ես առաջին հայ առաջնորդն էի, ով բարձրաձայնեց նման դիրքորոշում: Իմ երկրում ինձ խիստ քննադատեցին այդ բանաձևի համար, որը երեք կողմերին հավասար հիմունքներով է դիտարկում:Այդուամենայնիվ, ես համոզված եմ, որ դա հակամարտության խաղաղ և տևական կարգավորման միակ ճանապարհն է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռման հնարավորություն։

Որպեսզի առաջ շարժվենք, ես նման հայտարարություն եմ ակնկալում նաև Ադրբեջանից: Եթե մենք լսենք այդպիսի հայտարարություն նախագահ Ալիևից, դա իսկական առաջընթաց կլինի բանակցային գործընթացում:Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնում են իրենց նախկին դիրքերում՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել միայն Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով: Դա ինձ լրացուցիչ հիմք է տալիս կարծելու, որ Ադրբեջանը փայփայում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր և չի ցանկանում լուծումը գտնել բանակցությունների սեղանի շուրջ:

Այդուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններին և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:Նախ և առաջ, բացարձակապես անօգուտ է սպառնալիքի լեզվով խոսել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Դա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ: Ադրբեջանը ժամանակին փորձել է ուժի լեզվով խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ և լուրջ հետևանքների է բախվել՝ չնայած Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հսկայական գերակայությանը ինչպես ազգաբնակչության, այնպես էլ սպառազինության առումով: Իրենց իսկ ռազմական ձախողումների համար վրեժխնդիր լինելու փորձերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը շատ բարդ և ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար:«Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով: Ես նկատի ունեմ Ադրբեջանի կառավարությանը, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը և Հայաստանի կառավարությանը։

Մենք անկեղծ ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման մեր ձգտման մեջ և պատրաստ ենք երկխոսության՝ հանուն հակամարտության այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա է մեր մոտեցումը, և մենք պատրաստ ենք բանակցել այս նոր պարադիգմի հիման վրա:Եզրափակելով խոսքս` կցանկանայի ասել, որ այստեղ գալուց առաջ այցելեցի ինստիտուտի կայքը և աչքիս զարնեց քննարկումների վերնագրերից մեկը՝ «Թանաքն արյունից լավ է»: Այս հակամարտության մեջ բավականաչափ արյուն է հոսել: Արդ մեզ անհրաժեշտ է թանաք և ամուր ձեռքեր՝ դրան վերջ տալու և մեր տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն բերելու համար»,-ասել է Փաշինյանը: