21 նոյեմբերի 2019 - 12:54 AMT
Դատավորների բարեվարքությունը կստուգվի հատուկ ինստիտուտում

Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի: Կառավարության նիստում հավանության են արժանացել «Դատական օրենսգիրք», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերը:

Նախագիծը կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դրանց հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ և համալիր իրավական հիմքեր դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրություն (գույքի օրինականության ստուգում), արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշակի կապերից, ազդեցություններից ազատ որոշման կայացում):

Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը կիջեցվի 28-ից 25 տարեկան: Կվերանայվեն դատավորի թեկնածուների հավակնորդերին և առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում իրավաբան գիտնականների ընգրկման պայմանները: «Այս փոփոխությունը թույլ կտա դատական համակարգ ներգրավել երիտասարդ, կասկածելի կամ վարկաբեկող կապեր չունեցող, համակարգի այլ ներկայացուցիչների հետ կախվածության կամ կապվածության մեջ չգտնվող անձանց»,-ասվում է արդարադատության նախարարության հիմնավորման մեջ:

Մանրամասն կարգավորում է ստացել դատավորների գործունեության գնահատումը, նախատեսվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար հանձնաժողով ստեղծել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Դատական օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Բացի այդ, որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքում կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից Ազգային Ժողով միջնորդություն ներկայացնելու մոդելը, որն էլ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով:

Նշվել է, որ նախագծերի փաթեթով որդեգրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ կատարել կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառի օրենքներում: Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ բանկային, առևտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու և ստանալու հնարավորության տրամադրումը:

Առաջարկվում է նաև ՏՀԶԿ առաջարկություններին համապատասխան ՀՀ քրեական օրենսգրքի հավելվածով ահմանել կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը: