21 նոյեմբերի 2019 - 13:26 AMT
Ամերիաբանկը բիզնես վարկավորումը տեղափոխում է թվային միջավայր. Մինչև 10 մլն վարկի հաստատում՝ 5 րոպեում

2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Ամերիաբանկում գործարքների 80%-ից ավելին իրականացվում են բանկի մասնաճյուղից դուրս՝ թվային ուղիներով: Այս մասին ասել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ հավելելով, որ բանկը գնում է թվայնացման ուղով, ընդգրկելով նաև վարկերի տրամադրման գործընթացը:

Մինչ բիզնեսի վարկավորումը թվային հարթակ տեղափոխելու մասին խոսելը, Բարսեղյանը ներկայացրել է Ամերիաբանկի գրանցած ցուցանիշներից մի քանիսը: Մասնավորապես 2019-ի առաջին 9 ամսվա ընթացքում Ամերիաբանկի ինտերնետ բանկի օգտագործողների թվաքանակն աճել է 73%-ով, գործարքների քանակը՝ 111%-ով, վճարային տերմինալների միջոցով իրականացվող գործարքները՝ 400%-ը, իսկ վիրտուալ էլեկտրոնային վճարումները՝ 128%-ով:

Բարսեղյանի խոսքով՝ բիզնես վարկավորման մանրածախ պորտֆելը 18 մլրդ դրամից դարձել է 25 մլրդ՝ ապահովելով 40% աճ: Պորտֆելում թվային առցանց տրվող վարկերի ծավալը եռապատկվել է. 1000 բիզնես վարկ տրամադրվել է առցանց, ընդհանուր՝ 3 մլրդ դրամը գերազանցող արժեքով:

Նա նաև նշել է, որ շարունակելով ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը, Ամերիաբանկը բիզնեսների ֆինանսավորման համար ներկայացնում է ֆինանսական շուկայում բոլորովին նոր առաջարկներ, որոնք նաև հարմարեցված են յուրաքանչյուր հաճախորդի պահանջներին:

Առաջնորդվելով «Օգտագործի՛ր վարկավորման գործընթացի ժամանակը քո բիզնեսի համար» կարգախոսով` բանկը ՓՄՁ-ներին առաջարկում է մինչև 150 մլն դրամի չափով ցանկացած բիզնես վարկի համար դիմել առցանց, կցել փաստաթղթերն անմիջապես համակարգում և հետևել վարկային հայտի ընթացքին:

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրենի խոսքով նաև մինչև 10 մլն դրամ վարկը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցչի համար կարող է հաստատվել ընդամենը 5 րոպեում՝ ընդ որում, առանց գրավի: Հայտն ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում Ամերիաբանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, տալիս նախնական պատասխան: Վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, լրացուցիչ հաստատման անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկ տրամադրվում է նաև անշարժ գույքի գրավադրմամբ:

Առցանց կարելի է դիմել նաև 20-150 մլն դրամ կամ արտարժույթով համարժեք վարկեր ստանալու համար:

«20 մլն դրամը գերազանցող վարկերի դեպքում հիմնական նորությունն այն է, որ ամբողջ գործընթացը տեղափոխել ենք թվային հարթակ: Հայտը և հետագայում բոլոր փաստաթղթերը ներկայացվում են թվային հարթակում և հաճախորդը հնարավորություն ունի օնլայն հետևելու, թե իր վարկն ինչ պրոցեսում է գտնվում: Հայտը ներկայացնելուց հետո կարիք չկա զանգել կամ բանկ գնալ»,- ասել է Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ նշված գումարի սահմանում հնարավոր է նաև ավտոմատ ձևով վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը` առանց այդ բանկեր այցելելու:

«Այսինքն՝ հաճախորդները կարող են օնլայն հարթակում ընտրել այլ բանկերում ունեցած համապատասխան վարկերը, և եթե Ամերիաբանկում վարկը հաստատվի, ապա ավտոմատ կվերաֆինանսավորվի այլ բանկերում ունեցած վարկերը: Ընդ որում՝ դրա համար պետք չէ այցելել մյուս բանկեր, որպեսզի այդ վարկերը մարվեն: Մենք ինքներս փոխանցում ենք այդ գումարները նոր վարկի հաշվին՝ ստացվում էոր այլ բանկերում մնացած բոլոր վարկերը մարվում են», - բացատրել է Բարսեղյանը:

Ամփոփելով՝ նա նշել է, որ բիզնես վարկավորման ամբողջ գործընթացը փորձել են տեղափոխել թվային հարթակ, որպեսզի նվազագույնի հասցնեն բանկ այցելությունները կամ հեռախոսով բանկի աշխատակիցների հետ կապի անհրաժեշտությունը: Բարսեղյանի խոսքով՝ բիզնես վարկավորումը թվային միջավայր տեղափոխելը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար լուրջ փոփոխություն է: