21 նոյեմբերի 2019 - 13:46 AMT
Նազարյան. ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին

ՀՀ և Չինաստանի միջև վիզաների չեղարկման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում կլինի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«Քանի որ շատ քաղաքացիների է այս հարցը հետաքրքրում, տեղեկացնում եմ, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը Ազգային ժողովում կընդունվի դեկտեմբերի (3-6) նիստի ժամանակ: ՀՀ նախագահի ստորագրելուց հետո համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մեկ ամսվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։

2019-ի մայիսի 23-ի նիստում կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին օրենքի նախագիծը։